Փաուերը վերահաստատել է ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ամուր գործընկերությունը

Ուրբաթ, Դեկտեմբերի 20, 2024

Anna Vardanyan
2 շաբաթ առաջ

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տևական ազդեցությանը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում:

Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը, ով դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցեց քննարկմանը: Դեսպան Մակունցն իր բացման խոսքում, ողջունելով բարձրաստիճան հյուրերին, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին՝ բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ-ի ներդրման կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման գործում: Դեսպանը երախտագիտություն հայտնեց ՄԶԳ կառավարիչ Փաուերին առաջնորդության համար՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները և միջազգային զարգացումը՝ ընդգծելով Կառավարչի հանձնառությունը Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցերին։

Կառավարիչ Փաուերն իր ելույթում վերահաստատեց Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ամուր գործընկերությունը՝ ընդգծելով շարունակական համագործակցության կարևորությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկ անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը և պարենային անվտանգությունը:

Քննարկումը համակարգում էր դեսպան Մարի Յովանովիչը՝ հեղինակավոր դիվանագետ, ով 2008-2011 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր: Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխանի հատվածը:

Հարցուպատասխանի ընթացքում դեսպան Մակունցը նշեց, որ երկկողմ հարաբերությունները խարսխվում են նախևառաջ երկու պետությունների ընդհանուր արժեքների վրա։ Համոզմունք հայտնեց, որ մի շարք հարցերում ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է՝ խաղաղությունը Հարավային Կովկասում։ Դեսպանն անդրադարձավ նաև Սփյուռքի դերակատարմանը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման հարցում։

Դեսպան Մակունցը եզրափակեց միջոցառումը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Միացյալ Նահանգների հետ իր գործընկերությունն ամրապնդելու հարցում։ Նա լավատեսություն հայտնեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում շարունակական համագործակցության և այդ հարաբերությունները ԱՄՆ ձևավորվող նոր վարչակազմի հետ էլ ավելի ամրապնդելու վերաբերյալ: Միջոցառումը, որին մասնակցում էին ԱՄՆ կառավարության, Կոնգրեսի, վերլուծական կենտրոնների, հայ համայնքի ներկայացուցիչները, ավարտվեց ընդունելությամբ։